3.1Բիթքոյնի անվտանգ օգտագործումը
Այս մոդուլը վերաբերում է առաջին անվտանգ քայլերին, ոչ թե փորձագետ դառնալուն կամ ֆինանսական ռիսկի դիմելուն։ Դուք կվարժվեք նախապես պատրաստված մոդելավորումների, փորձնական միջավայրերի, ուսումնական դրամապանակների միջոցով կամ, եթե Ձեր դասավանդողը նպատակահարմար համարի, իրական միջավայրում՝ փոքր գումարով գործնական առաջադրանք կատարելով։
«Բիթքոյնի դիպլոմ» դասընթացն ավարտելու համար կարիք չկա բիթքոյն գնելու կամ այլ կերպ ձեռք բերելու կամ անձնական միջոցներ օգտագործելու։
Ի՞նչ տեղեկություններ կարող եք անվտանգ կիսել։ Ի՞նչ տեղեկություններ կարող են մեկ ուրիշին վերահսկողություն տալ։ Ինչպե՞ս կնկատեք, որ վճարման հարցումը փոխվել է։ Այս հարցերը կարևոր են դեռ նախքան որևէ դրամապանակ, վճարում կամ պահուստային պատճեն կարևոր կդառնա։
Ամբողջ մոդուլի ընթացքում հետևեք այս երեք կանոններին․
- Կիսվեք ստանալու համար անհրաժեշտ տեղեկություններով, բայց երբեք՝ գաղտնիքներով։ Հասցեն կամ վճարման հարցումը հնարավորություն է տալիս բիթքոյն ստանալու։ Իսկ մասնավոր բանալին կամ վերականգնման արտահայտությունը կարող է այն վերահսկելու հնարավորություն տալ։
- Դադար առեք՝ նախքան ուղարկումը հաստատելը։ Ստուգեք անձին, վճարման եղանակը, նպատակակետը, գումարի չափը և վերջնական էկրանը։
- Սահմանափակեք սխալների հետևանքները։ Կանգ առեք և օգնություն խնդրեք, երբ հարցումն անհասկանալի է, Ձեզ շտապեցնում են կամ գաղտնի տեղեկություններ են պահանջում։
Ավարտին Դուք պետք է կարողանաք բացատրել, թե ով է վերահսկում բանալիները, աջակցությամբ կատարել ստանալու կամ ուղարկելու գործնական առաջադրանք, անվտանգ արձագանքել խարդախությանը կամ անհամապատասխանությանը և ցույց տալ վերականգնման պատրաստվածություն՝ առանց որևէ իրական գաղտնիք բացահայտելու։ Նպատակը արագությունը չէ։ Նպատակն իմանալն է, թե երբ պետք է դադար առնել։
Մոդուլը կառուցված է երեք գործնական հարցի շուրջ․
- Ի՞նչ կարող եմ կիսել, և ի՞նչը պետք է գաղտնի մնա։
- Ի՞նչ պետք է ստուգեմ՝ նախքան ստանալը կամ ուղարկելը։
- Ե՞րբ պետք է կանգ առնեմ և օգնություն խնդրեմ։
Օգտվեք ստորև բերված բացատրություններից՝ նախապատրաստվելու երեք ուղղորդվող գործնական առաջադրանքներին՝ ստացման էկրանի ստուգմանը, ուղարկման և ստուգման առաջադրանքին, ինչպես նաև վերականգնման պատրաստվածության կամ խարդախությանն արձագանքելու սցենարին։








